- Նախօրեին ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի հետ հանդիպումից հետո որոշ ՔՊ-ականներ տպավորված էին, ձեզ վրա ի՞նչ տպավորություն է թողել թեկնածուն, եւ արդյո՞ք այնքան կադրային սով է, որ ձեր ընտրությունը կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածության վրա։
- Իմ վրա էլ դրական տպավորություններ է թողել, ինչ վերաբերում է կադրային խնդրին, ապա վստահեցնում եմ՝ շատ թեկնածուներ կային, բայց կարծում եմ՝ կանգ ենք առել լավագույն թեկնածուի վրա։
- Հատկապես ո՞ր հատկանիշներն են ձեզ դուր եկել։
- Ինձ ամենաշատը դուր է եկել իր ռացիոնալ մտածելակերպը, ես վստահ եմ, որ ստանձնելով նոր պաշտոնը՝ չի ենթարկվի քաղաքական հոսանքներին, էմոցիոնալ չի լինի, սթափ կդատի ամեն ինչ, ընդհանուր առմամբ՝ բավականին լավ տպավորություն ունեմ։
- Նկատի ունեք՝ անաչառ կլինի, իշխանական ճնշումներին չի՞ ենթարկվի։
- Ոչ միայն, ինչի՞ միայն իշխանության, ընդդիմության ճնշումներին էլ։ Եվ հետո՝ իշխանություններն այսքան ժամանակ ո՞ր մի պաշտոնյային են ճնշել։
- Դուք լո՞ւրջ եք ասում։
- Հա, ո՞ր պաշտոնյային է ճնշել, չի եղել նման բան։
- Անգամ դատական իշխանության նկատմամբ է իշխանությունն արշավել, մոռացե՞լ եք, որ Փաշինյանի հրահանգով պաշարվեց Սահմանադրական դատարանի շենքը։
- Դա ճնշո՞ւմ ա պաշտոնյայի նկատմամբ։ Որ ճնշող լինեինք, առանձին կճնշեինք, փակելու իմաստը ո՞րն էր։
- Որ ասում եք՝ ընդդիմությունը կարող է ճնշել ՄԻՊ-ին, Դուք նման բան երբեւէ տեսե՞լ եք Հայաստանում։
- Օրինակ, Քրիստինե Գրիգորյանը շատ լավ էլ ենթարկվել է ընդդիմության ճնշումներին։
- Նկատի ունեք ա՞յն, որ հրապարակային հորդորներ էին հնչում, որ ակնհայտ բաների մասին խոսի, իսկ ինքը չէր խոսում։
- Խոսքը ոչ թե ֆիզիկական կամ այլ ճնշումների մասին է, այլ՝ հրապարակային։
- Իսկ հնարավո՞ր է՝ այդ «ճնշումների» պատճառով հեռացավ պաշտոնից։
- Ոչ։
- ՄԻՊ թեկնածուից հետաքրքրվեցի՞ք՝ եթե ինքն էլ որեւէ գայթակղիչ պաշտոնի առաջարկ ստանա, հրաժարակա՞ն է տալու ՄԻ պաշտոնից, ինչպես Քրիստինե Գրիգորյանը, որի նշանակումն ուշանում է, թեեւ ինքն անձամբ է հայտարարել այդ մասին։
- Դուք ի՞նչ գիտեք, որ այդ առաջարկը գայթակղիչ է, թե ոչ։
- Տրամաբանորեն՝ ամենահեղինակավոր՝ ՄԻՊ-ի կարգավիճակից կարելի է հրաժարվել միայն գերգայթակղիչ պաշտոնի համար։
- Կարող է մարդն իրեն ավելի շատ տեսնում էր այն պաշտոնում, որտեղ հետագայում կպաշտոնավարի, բայց դա չի նշանակում, որ դա գայթակղիչ է։ Եվ հետո՝ պաշտոնի լավ ու վատը չի լինում, պաշտոնը կա՛մ կա, կա՛մ չկա, լավն այն է, որ դու քեզ տեսնում ես այդ պաշտոնում, քեզ արդարացնում ես, եթե քեզ չես տեսնում, դու դառնում ես խանգարող հանգամանք այնտեղ, որտեղ աշխատում ես։
- Ի դեպ, կան քննադատություններ, որ ՄԻՊ թեկնածուն չի համապատասխանում օրենսդրության այն պահանջին, որ պետք է հանրությանը հայտնի անձնավորություն լինի։
- Օրենքն ասում է, բայց հստակեցում չի մտցնում։ Հիմա շատերի համար գլխավոր դատախազի տեղակալը հայտնի կերպար է, բայց կարող է մեկի համար դա այդպես չլինի։ Շատ ՄԻՊ-երի քաղաքական կարիերան սկսվել է ՄԻՊ դառնալուց հետո, այդ պաշտոնն է եղել նրանց ցատկահարթակը։
- Դուք Ձեզ լա՞վ եք զգում պատգամավորի կարգավիճակում, օրենսդրական ակտիվ աշխատանքնե՞ր եք տանում։
- Այո, ընկերներիս օգնությամբ։
- Այս հարցին կարելի է երկար անդրադառնալ, բայց ես կուզեի, որ խոսեիք Հայաստանում համակարգային կոռուպցիայի մասին։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ընդամենը օրեր առաջ պնդեց, թե 2018-ից ի վեր համակարգային կոռուպցիա չկա, սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը 2022-ի զեկույցում Հայաստանում արձանագրել է համակարգային կոռուպցիա, սրա մասին են վկայում նաեւ վերջին շրջանում պաշտոնյաների ձերբակալությունները։ Ո՞վ է ստում այս երկուսից։
- Պետդեպի հայտարարությունները պետք է ընդունել ի գիտություն, այդքանը։ Այդ կառույցը Հայաստանում ի պաշտոնե որեւէ իրավասություն չունի, ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա փաստը եւս վկայում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, եթե լիներ համակարգային, ոչ մի հանցագործություն չէր բացահայտվի։
- Եթե ամենաբարձր մակարդակով կոռուպցիայի դեմ իրապես կատաղի պայքար հայտարարվեր, ներքին օղակներում կոռուպցիոն գործարքներ կարձանագրվեի՞ն։
- Համակարգային կոռուպցիան գիտե՞ք որն ա, երբ շղթայական՝ մինչեւ բուրգի գագաթը կոռուպցիոն սխեմա է գործում, եւ վերեւից ներքեւ, ընդ որում՝ ուժայիններով, իրավապահներով՝ բոլորը տեղյակ են, բայց աչք են փակում։ Պնդում եմ՝ համակարգային կոռուպցիա չկա, կոռուպցիա, այո, կա, եղել է, միշտ էլ կլինի ամեն տեղ, քանի մարդկությունը կա, կոռուպցիան լինելու է։
- Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, եթե հիշում եք, աղմկահարույց ձերբակալություններ, բացահայտումներ էին լինում, այսինքն՝ համակարգը, Ձեր ասածի տրամաբանությամբ, աչք չէր փակում, հիմա ո՞նց տարբերենք՝ ինչո՞ւ է ասվում, որ նախկինում կար համակարգային կոռուպցիա, հիմա՝ չկա։
- Գիտեք ինչ՝ նախկինում ձերբակալություններ կային-չկային, հիմա կան-չկան․․․ ախր ես ԱԺ պատգամավոր եմ։
- Ուզում եք ասել, որ ընդամենը քաղաքական գնահատականնե՞ր եք հնչեցնում։
- Քաղաքական գնահատականներ հնչեցնում եմ, համենայնդեպս, ոչ ելնելով իմ ցանկություններից կամ տեսածից, մենք փաստացի ենք, չէ՞, ասում։ Կարո՞ղ եք ասել՝ ո՞նց է ստացվում, որ Ելիսեյան պալատ հիշեցնող առանձնատան սեփականատիրոջը թողած՝ մամուլն ընկել է հիպոթեքային վարկով սովորական բնակարան ձեռք բերած նախարարի ետեւից։
- Ամեն ինչ նման շքեղ բնակարաններից է սկսվում, հետո դառնում, ինչպես Դուք եք ասում՝ պալատներ։ Բայց ումի՞ց եք դժգոհում՝ դուք եք իշխանության, եթե որեւէ մեկը թալանի արդյունքում «Ելիսեյան պալատ» է կառուցել, պատժեք, Փառք աստծո, հատուկ օրենք եք ընդունել։ Իսկ եթե կոնկրետ նկատի ունեք Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, ապա Հովիկ Աբրահամյանը բավականին լավ է զգում իրեն ձեր իշխանության տարիներին եւ անգամ ինչ-ինչ հարցերում աջակցում է ձեզ։
- Ինչո՞ւ չպիտի լավ ապրի, բայց, որքանով ես հասկանում եմ, Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել։
- Այսինքն՝ եթե նախկիններն իրենց ունեցվածքը վաճառում կամ նվիրում են հեղափոխականներին, դրանով այլեւս դադարում են թալանչի լինելուց եւ պիտի «լա՞վ ապրեն»։
- Ես չեմ ասում թալանչի, ես ասում եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կա հայտարարություն, որ պետք է այսքան բռնագանձվի։ Թալանել է, թե ոչ, անկեղծ՝ ես չեմ պնդում, եկեք չխախտենք անմեղության կանխավարկածը, կարող է ապացուցվի, որ նա արդար քրտինքով է վաստակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել